Ռուսական և հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում գերիշխում են այն քաղաքական գործիչները, որոնք ակտիվորեն աջակցում են Ադրբեջանի դիրքորոշմանն ու իշխանություններին:
«Ես հարգանքով եմ վերաբերվում ԵԽԽՎ-ին, ուստի հաղորդագրությունն այն մասին, որ ԵԽԽՎ կազմում մեծ է ադրբեջանամետ պատգամավորների թիվը, զարմացնում է ինձ: Եթե հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, ապա ինձ համար անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է ձևավորվել ԵԽԽՎ առաքելությունը, ինչ կապ ունի Ղարաբաղի հարցը Հայաստանում ընտրությունների կազմակերպման ու անցկացման հետ,- PanARMENIAN.Net-ին է հայտարարել ICES դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը: Նա հույս հայտնեց, որ ԵԽԽՎ առաքելությունը, ամփոփելով իր դիտորդության արդյունքները, կղեկավարվի ՄԱԿ Ընտրությունների դիտարկման մասին հռչակագրով, որը նրանք ստորագրել են, ինչպես և մենք, և օբյեկտիվ գնահատական կտան Հայաստանում տեսածին: «Իսկ ԵԽԽՎ առաքելության անդամները կհիշեն Միջազգային դիտորդի վարքի կանոնադրության մասին, որը հաստատվել է Հռչակագրի հետ միասին, այլ ոչ թե երրորդ կողմի հետ հնարավոր անձնական պայմանավորվածությունների»,-ասել է Ցինկերը:
Իր հերթին, Քաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն, Լեհաստանից ICES առաքելության անդամ Մատեուշ Պիսկորսկին նշել է, որ բարդ է ենթադրել, թե ադրբեջանցի դիտորդները կարող էին անաչառ գնահատել ընտրությունները Հայաստանում: «Ժան Մարի Բոկելի նման քաղաքական գործիչները իրականում ոչ թե միջազգային, այլ հենց ադրբեջանական դիտորդներ են: Հուսով եմ, ապագայում ԵԽԽՎ ղեկավարությունն առավել մանրակրկիտ կմոտենա թեկնածուների ընտրությանը, պահպանելու համար անկախ դիտորդի իր կարգավիճակը»,-ասել է նա:
Ֆրանսիացի Ժան Մարի Բոկելն այցելել է Ադրբեջան Եվրոպա-ադրբեջանական լոբբիստական կազմակերպության գործունեության շրջանակներում՝ հրապարակավ գովաբանելով ժողովրդավարության զարգացումը Բաքվում: Դեռ փետրվարի 2-ին, Հայաստան մեկնելուց առաջ, նա Ադրբեջանի օրեր է կազմակերպել «Մուլհաուսում», որի հովանավորը Հեյդար Ալիևի հիմնադրամն է: Վերջերս նա նաև հայտարարություն է արդել Ստեփանակերտի օդանավակայանի բացման դեմ: Տադեուշ Իվինսկին գլխավորել է ԵԽԽՎ առաքելությունը Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում, որտեղ հրապարակավ հայտարարել է, որ դրանք համապատասխանում են ժողովրդավարական չափանիշներին: Տարբեր կլոր սեղանանների ժամանակ նա հանդես է եկել որպես ադրբեջանական քաղաքական համակարգի եռանդուն պաշտպան: