Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է դատախազության 2012 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, կառույցի պատասխանատու ներկայացուցիչներ:
Երկրի ղեկավարը դրական է գնահատել հաշվետու ժամանակահատվածում դատախազության կողմից կատարված աշխատանքները՝ շեշտելով, որ կառույցի և այլ ուժային մարմինների աշխատանքի շնորհիվ է հանրապետությունում ապահովվել ակտիվ պայքարը հանցավորության և այլ բացասական երևույթների դեմ, պատշաճ մակարդակով պահպանվել հասարակական կարգը, որի արդյունքում Արցախում հանցավորության մակարդակը մի քանի անգամ ավելի ցածր է, քան համաշխարհային ցուցանիշները:
Միևնույն ժամանակ, նախագահ Սահակյանը նշել է, որ դատախազության գործունեությունում արձանագրված դրական դինամիկան պահպանելու և էլ ավելի բարելավելու համար դեռևս կան շատ անելիքներ՝ հավելելով, որ համակարգն ունի բոլոր հնարավորությունները իր գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման համար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության իշխանություններն այսուհետ էլ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն համակարգի աշխատողների սոցիալական և աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: