15 սեպտեմբերի 2005 - 10:58 AMT
ՀԱՊԿ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը սեպտեմբերի 14-ին հայտարարել է, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչեւ տարեվերջ տեղի կունենան առաջին շփումները Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը միավորող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Բեռլինում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հետ ՌԴ ՊՆ ղեկավարի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Սերգեյ Իվանովը նշել է, թե մինչեւ տարեվերջ Բրյուսելում կկայանա ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը ՆԱՏՕ-ի իրենց գործընկերների հետ: «Որեւէ մեկին կարող է դուր չգալ ՀԱՊԿ-ը կամ կազմակերպությանն անդամակցող առանձին երկիր, սակայն Աֆղանստանից թմրանյութերի թրաֆիքինգի դեմ ցանկացած գործողություն անհնար է առանց ՀԱՊԿ անդամ պետությունների մասնակցության», - հայտարարել է Սերգեյ Իվանովը` ավելացնելով, որ Ռուսաստանը մի շարք առաջարկներ է ներկայացրել, այդ թվում` Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ավելի սերտ համագործակցության մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: