19 փետրվարի 2013 - 00:29 AMT
«Ժառանգություն». Փորձում են անվավեր դարձնել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական շտաբը ունի 42 ընտրատեղամասի տվյալները, որոնք, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով, տարօրինակորեն չեն համընկնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների հետ:

«42 տեղամասերի արդյունքներով՝ առկա է Րաֆֆի Հովհաննիսյանին և Սերժ Սարգսյանին կողմ տված 27 902 ընդհանուր ձայն, որից 19 057-ը Րաֆֆի Հովհաննիսյան կամ 68%, իսկ մնացածը՝ Սերժ Սարգսյան կամ 32%»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հովսեփ Խուրշուրդյանը:

Արդյունքները ստացվել են հետևյալ ընտրատեղամասերից. թիվ 4/11, 26, 13/33, Վանատուրի 6-րդ դպրոց, Արմավիրի Մայիսյան գյուղ, Գյումրիի թիվ 18 դպրոց, Աջափնյակի թիվ 100 դպրոց, Գյումրիի թիվ 20 դպրոց, 4/11, 5/23, 10/22, 35/10, 40/43, 34/15, 35/36, 35/34, 34/19, 34/09, 41/23, 4/17, 35/33, 35/35, 34/08, 35/19, 34/10, 34/21, 34/16, 35/22, 34/04, 35/38, 35/40, 35/23, 33/63, 33/74, 35/36, 34/39, 34/06:

«Մենք ունենք հստակ տեղեկատվություն, որ հրահանգվել է բոլոր ընտրատեղամասերի նախագահներին, այնտեղ, որտեղ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը, առայժմ չտրամադրել արձանագրությունները: Մյուս տեղամասերում փորձում են անվավեր դարձնել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները: 600 ձայն են գողացել 6/16 ըտրատեղամասում: Զեյթունի 3/25 տեղամասում մինչև այժմ չի բացվել քվեատուփը»,- ասաց նա: