ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ընտրությունների վերաբերյալ ՄԻՊ գրասենյակի դիտարկումները:
Պաշտպանը նշել է, որ շուտով դիտորդները կներկայացնեն իրենց գնահատականը, սակայն որևէ գնահատական չի կարող լինել հայ հանրության համար լիարժեք և վստահելի, եթե Հայաստանի ոստիկանությունը օբյեկտիվորեն չներկայացնի, թե ընտրախախտումների վերաբերյալ քանի ահազանգ է եղել և դրանցից քանիսն են եղել հիմնավոր:
Ընտրակաշառքի բաժանում, կրկնակի քվեարկություն, ուղղորդված քվեարկություն, քվեաթերթիկի լցոնում, հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի ճնշում ձայների հաշվարկի ընթացքում, ձայների հաշվարկի արդյունքների կեղծում: Սրանք հիմնական խախտումներն են, որոնք առանձնացրել է Օմբուդսմենը: Ոստիկանությունը պետք է հրապարակի նաև այդ ահազանգերը հիմնավոր կամ անհիմն գնահատելու հիմքերն ու պատճառները:
Ոստիկանության ոչ արժանահավատ աշխատանքը կարող է ստվերել այս ընտրությունների բոլոր փուլերի դրական ձեռքբերումները: Այսպիսով, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության և ընտրությունների ընդհանուր գնահատականի համար պատասխանատվության ողջ ծանրությունն ընկած է Հայաստանի Ոստիկանության վրա: Կոչ եմ անում բոլոր կառույցներին և անհատներին սերտորեն համագործակցել Ոստիկանության հետ, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ բացահայտվեն բոլոր ընտրական հանցագործությունները, և հանրությունը ստանա ընտրախախտումների իրական ծավալները և պատկերը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերոհիշյալ էական և այլ ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 253 ահազանգ: Մինչև առաջիկայում ընտրությունների վերաբերյալ մեր համապարփակ գնահատականը ներկայացնելը մենք կշարունակենք ընդունել ընտրության փուլերում կատարված խախտումների վերաբերյալ ահազանգեր, հետևել զանգվածային լրատվության միջոցների համապատասխան հրապարակումներին, դիտորդական կազմակերպությունների գնահատականներին և հետընտրական զարգացումներին»,-ասվածէ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: