
Կիոտոյի արձանագրության շնորհիվ 2009-ին ճապոնիայի կառավարությունը Հայաստանում հիմնեց բիոգազի այրման կայան: Ճապոնացիների մտադրությունը քվոտաների ստացումն էր զարգացող երկրին ցուցաբերած աջակցության միջոցով: Հայաստանի օգուտն այն էր, որ «աղբի կղզում» կստանանք «կանաչ օազիս»: Ծրագրի ավարտը նախատեսված է 2023-ին է: Ինչպես «Էկոլոգիկա» հաղորդաշարին ասել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության սանմաքրման բաժնի պետ Հովիկ Ահարոնյանը, ավարտին կունենանք ավելի քան 512 հազար տոննա CO գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում:
Տեխնոլոգիան այսպիսին է՝ աղբանոցի համապատասխան հատվածում աղբը ծածկվում է հողային շերտով, ընթանում են նեխման պրոցեսներ, որից հետո մինչ այդ անցկացրած խողովակներով նեխման պրոցեսում անջատվող գազը տեղափոխվում է այս կայան:
«Նասոսներն են՝ բլոյեր, երեք հատ: Հիմա մեկն է աշխատում, գազի քանակը նախատեսվածից քիչ է», - ասել է Նուբարաշենի բիոգազի հավաքման կայանի ինժեներ-օպերատոր Վարազդատ Պետրոսյանը:
Պոմպերի միջոցով կուտակված գազն ուղղվում է մեծ խողովակ, որտեղ էլ կատարվում է մեթան գազի այրման պրոցեսը: Արդյունքում մթնոլորտ է արտանետվում ավելի քիչ քանակով ու պակաս թունավոր ածխաթթու գազ:
«Շատ լավ անվտանգության կարգերով զինված սարքավորում է, ամեն տեսակ: Կարելի է ասել, որ համարյա անհնարին է, որ այստեղ ինչ-որ բան լինի» – հավելել է Վարազդատ Պետրոսյանը:
Մոտ 2 մլն դոլար ներդնելիս, ճապոնացիները նպատակ ունեին իրականացնել նաև ծրագրի երկրորդ փուլը, երբ այրվող գազից պետք է էլեկտրաէներգիա ստացվեր:
«Այն սպասելիքները, որ ունեցել են, հաշվարկների մեջ, կարծես թե, սխալվել են: Այսինքն, այն գազի պարունակությունն, ինչ այսօր ունենք, չէր բավարարի երկրորդ փուլն իրականացնելու համար», -ասել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության սանմաքրման բաժնի պետ Հովիկ Ահարոնյանը:
Բնապահպանների կարծիքով, անավարտ մնացած ծրագրի մեղավորը ոչ թե ճապոնացիների սխալ հաշվարկներն են եղել, այլ հայկական կողմի պահվածքը, քանի որ նախատեսվածից քիչ տարածք են հատկացրել ու չափազանց ուշացումով:
«Նոտա էին բերել այստեղ, հանձնել էին ԱԳՆ, որ Ճապոնիայի կառավարությունը կհայտնի անվստահություն Հայաստանի կառավարությանը, եթե այդպես շարունակվի», - հաղորդաշարի շրջանակում ասել է «Մարդիկ հանուն կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:
Պարզվել է, որ Հովիկ Ահարոնյանը նման բողոքների մասին տեղյակ չի: Իսկ52 հա տարածքով աղբանոցի միայն 8 հա-ն է տրմադրվել ծրագրի իրականացման համար: Ինչպես պարզվել է, հայկական կողմը դրա համար իր պատճառներն ուներ:
«Այստեղ գաղափար էր աշխատում, որ ճապոնացիները մոնոպոլիզացնում են մեր ունիկալ աղբը», - կարծում է Կարինե Դանիելյանը:
Աղբանոցից տարբերվող խոտածածկ տարածքում աղբը ոչ թե այրվել ու վերջացել է, այլ ընդամենը մնացել է հողային շերտի տակ: Կայանն այրում է ոչ թե բուն աղբը, այլ դրա արտանետած ջերմոցային գազերը, ու զերծ պահում տարածքը թունավոր արտանետումներից և գարշահոտությունից: Որոշ բնապահպաններ հավաստիացնում են, որ բիոգազի քանակն իրոք չի բավականացնում էլեկտրաէներգիա ստանալու համար, քանի որ աղբանոցի այս հատվածը ժամանակին այրել են աղբի քանակը նվազեցնելու ու աղբում առկա մետաղներն առանձնացնելու համար: Իսկ նախօրոք այրված աղբից նեխման պրոցեսում շատ ավելի քիչ գազ կանջատվի ու չի բավականացնի կայանի ամբողջ թափով աշխատանքի համար: Ի տարբերություն մեր կայանի, Տաշկենտում տեղադրված նույնպիսին օրինակ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումից բացի, էլեկտրաէներգիա էլ է ստանում: Աղբն, ինչպես ասում են՝ Տաշկենտում էլ է աղբ, դժվար թե նրանցը մերինից շատ ավելի կալորիական ու գազերով գերհարուստ լիներ: