20 փետրվարի 2013 - 15:54 AMT
2013թ. տեղի կունենա համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2013 թվականին կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական 4-րդ մրցույթ-փառատոնը` «Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագրով: Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանի աշխարհագրության և հայ մշակույթի իմացությունը, նպաստել հայ մանուկների և պատանիների Հայկական լեռնաշխարհի, որպես հայերի հայրենիքի, ինչպես նաև մշակույթի բազմազանության և բազմաշերտության մասին պատկերացումների ձևավորմանը, բնության ու մշակութային երևույթների և դրանց կապի գեղագիտական իմաստավորմանը:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել նկարչության հանդեպ սեր և կարողություն դրսևորող 6-18 տարեկան հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա), մշակութային կենտրոնների սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ և օտարազգի պատանիներ ու անհատներ:

Մրցույթ-փառատոնը նվիրված է Պատմական ու ներկա Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի տարբեր հատվածների բնաշխարհին և մշակութային երևույթներին: Մասնակիցներից ակնկալվում է իմաստավորված և գրագետ համակցել աշխարհագրությունն ու մշակույթի տարբեր տարրեր` գեղագիտական անդրադարձ կատարելով բնության և հայ մարդու ստեղծած կոթողներին կամ հերոսական, ստեղծագործական, պոետիկ ոգու դրսևորումներին: Արդյունքում նախատեսվում է ստանալ գեղագիտական և ստեղծագործական նոր ընթերցումներով Հայկական լեռնաշխարհի քարտեզը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Մասնակիցները կարող են անդրադարձ կատարել պատմական և մշակութային գործիչներին, պատմական իրադարձություններին, երգերին, պարերին, արվեստի տարբեր տեսակներին, ավանդույթներին, խոհանոցին, կենցաղին, ճարտարապետությանը, իրավունքին, փիլիսոփայությանը, կրոնին, կենդական աշխարհին ու բնությանը, առասպելներին և այլնի` դիտարկելով ընտրված երևույթները համապատասխան բնական և մշակութային համատեքստում: Հնարավորության դեպքում, ցանկալի է կրթական հաստատության կամ երկրի կողմից նկարների կենտրոնացված առաքումը` տարբեր տարիքի հատկապես հաջողված նկարների ընտրությամբ:

Մասնակիցները պետք է դիմեն nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև ս./թ. հունիսի 9-ը ներառյալ:

Մրցույթ-փառատոնի առաջին փուլում հաղթողների աշխատանքները կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսում, որը տևելու է հոկտեմբերի առաջին տասնօրյակից մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակը: Ցուցահանդեսին մասնակցած բոլոր աշխատանքները կտպագրվեն ցուցահանդեսի ալբոմում:

Մասնագիտական հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև ցուցահանդեսի հանդիսատեսի քվեարկության արդյունքներով հոկտեմբերի առաջին տասնօրյակում կհայտարարվեն երկրորդ փուլի հաղթողները: Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի ալբոմ: Երկրորդ փուլում հաղթողները կստանան նաև հիմնական և խրախուսական մրցանակներ:

Համահայկական մանկապատանեկան նկարչական 4-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում նախատեսվում են նաև լրացուցիչ միջոցառումներ, որոնց ցանկը և ժամանակացույցը կներկայացվի ընթացքում:

Մրցույթ-փառատոնին մասնակցող դպրոցների մանկավարժների համար կկազմակերպվի և կտեսագրվի սեմինար, որը ապրիլ ամսին կտեղադրվի Գեղագիտության ազգային կենտրոնի պաշտոնական www.nca.am կայքում, Youtube-ում և ՀՀ կրթության և գիտության նախարարության էլեկտրոնային գրադարանի www.spyurq.dasagirq.am կայքում:

Փառատոնի շրջանակներում արտամրցութային կարգով` ցուցահանդեսի կազմակերպման համար, ընդունվելու են նաև կիրառական արվեստի գործեր (ժանյակագործություն, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն, փաստագործություն և այլն):

Նախատեսվում են նաև այլ տեսակի միջոցառումներ Հայաստանի և Սփյուռքի մասնակիցների համար:

Նախատեսվում են նաև այլ տեսակի միջոցառումներ Հայաստանի և Սփյուռքի մասնակիցների համար: