«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Հայաստանում արձանագրվել է H1N1 վիրուսի` «խոզի գրիպի» հետևանքով մահվան ևս 4 դեպք: Ավելի վաղ թերթն անդրադարձել էր երկու այլ դեպքի, որոնք, ըստ տարածված լուրերի, դարձյալ խոզագրիպի հետևանքով էին: Հետո, իհարկե, պարզվել էր, որ մահը գրանցվել է թոքաբորբի պատճառով, բայց ահա բժիշկ-մասնագետը չէր հերքել, որ թոքաբորբն էլ իր հերթին կարող էր H1N1 վիրուսի հետևանք լինել: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Անահիտ Հայթայանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջին 15 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրված մահվան երկու դեպքը պայմանավորված են նրանով, որ հիվանդները ուշ են դիմել բժշկական օգնության, բացի այդ ուղեկցող հիվանդություններ են եղել: Մնացած չորս դեպքի վերաբերյալ նախարարությունը որևէ տվյալ չունի:
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2013 թվականի ընթացքում, համաձայն հանրապետությունում իրականացվող մոնիտորինգի տվյալների, 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 1,1 անգամ: Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է, որ վերջին շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է գրեթե 1,5 անգամ: