21 սեպտեմբերի 2005 - 09:28 AMT
Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԵՎ ՇԱՐԺԱՅԻ ԷՄԻՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԷ-Ի ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետության բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի Էմիր, շեյխ դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ-Կասիմիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բազմաթիվ արաբական երկրների, այդ թվում` Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանի հարաբերությունների ներկայիս մակարդակից, ինչպես նաեւ բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումից, տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի տասնյակ փաստաթղթերի ստորագրումից, փոխշահավետ գործակցությունից միջազգային կազմակերպությունների շրջանակներում պարբերական դիվանագիտական խորհրդակցությունների անցկացումից: Կողմերն ընդգծել են, որ երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների, միջազգային կապերի զարգացմանը մեծապես նպաստում են նաեւ հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամությունը, մշակութային ու առեւտրական կապերը, որոնք պատմական խոր արմատներ ունեն: Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Արաբական Միացյալ էմիրության հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը թե` տարածաշրջանային եւ թե` միջազգային մակարդակներում: Հայաստանի վարչապետը ողջունել է նաեւ քաղաքակրթությունների երկխոսությանն ուղղված Էմիրության իշխանությունների որդեգրած քաղաքականությունը: Անդրադառնալով երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների խնդրին, զրուցակիցները այդ ոլորտում հեռանկարային են համարել, մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղմթերքների արտահանման ուղղությունները: Ա.Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Սուլթան ալ-Կասիմիի ներկա այցը, ինչպես նաեւ այս օրերին Հայաստանում Շարժայի մշակույթի օրերի անցկացումը եւս նոր խթան կհանդիսանան երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման, մշակութային ու գիտակրթական կապերի ամրապնդման, երկու ժողովուրդների առավել սերտ փոխճանաչման համար: Ա.Մարգարյանը կարեւորել է, մասնավորապես, Հայաստանում Արաբական մշակույթի կենտրոնի հիմնումը` շնորհակալություն հայտնելով Սուլթան ալ-Կասիմիին կենտրոնի ֆինանսավորմանը մասնակցելու պատրաստակամության համար: Նա Շարժայի Էմիրին երախտագիտություն է հայտնել նաեւ 1995թ. Շարժայում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողատարածք հատկացնելու համար, որը մինչ օրս միակն է ողջ Էմիրություններում: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել մեր երկրում Արաբական Միացյալ Էմիրության դեսպանատան հիմնման խնդրին եւս: Նշելով, որ դեռեւս 2000թ. Հայաստանն Աբու Դաբիում բացել է իր դեսպանությունը, որին տարածաշրջանային նշանակություն է տրված, Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրության կառավարությունը նույնպես մոտ ապագայում իր դեսպանությունը կհիմնի Երեւանում, մանավանդ որ, ըստ նրա, հայկական կողմն արդեն իսկ հողատարածք է հատկացրել այդ նպատակով: