22 սեպտեմբերի 2005 - 13:23 AMT
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Հայաստանում Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավիանոսին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վ. Օսկանյանը բարձր գնահատելով դինամիկ զարգացող հայ-հունական հարաբերությունները բոլոր ոլորտներում` նշել է դեսպանի անձնական ներդրումը երկու երկրների բարեկամության ամրապնդման մեջ: Դեսպանը իր հերթին, նշելով իր եռամյա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի արձանագրած տնտեսական ակնհայտ առաջընթացը, ինչպես նաեւ միջազգային հետաքրության աճը Հայաստանի նկատմամբ` վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է ապահովել կայուն զարգացում եւ լուծել հիմնական սոցիալ-տնտեսական խնդիրները: