23 սեպտեմբերի 2005 - 13:01 AMT
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԸ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ կենսաթոշակային հիմնադրամի վարչության նախագահ Գենադի Բատանովին, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կենսաթոշակային համակարգի բարեփոխումներին առնչվող հարցեր: Գենադի Բատանովը հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է ակտիվ համագործակցություն հաստատել հայ գործընկերների հետ, եւ որ վաղը ստորագրվելիք համաձայնագիրը կլինի այդ ուղղությամբ գործնական քայլերից մեկը: Ռոբերտ Քոչարյանը ողջունել է համագործակցության նախաձեռնությունը եւ նշել, որ այս բնագավառում ռուսական կողմի կուտակած փորձն օգտակար կլինի Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումներն առանց վրիպումների եւ առավել արդյունավետ իրականացնելու գործում: