23 սեպտեմբերի 2005 - 13:16 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
Նախօրեին Եվրախորհրդարանում կայացած գիտաժողովին մասնակցած եվրոպական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ընդգծել են, որ Անկարան երբեք չի համապատասխանել Եվրամիության անդամակցության չափանիշներին` լինի դա Կիպրոսի հարցը, թե հայկական խնդիրները: «2004-ի դեկտեմբեր-2005-ի հոկտեմբեր. փոխվե՞լ է, արդյոք, Թուրքիան» թեմայով համաժողովը կազմակերպել էին Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը եւ ՀՅ Դաշնակցության Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը: Համաժողովին ներկա է եղել ավելի քան 200 մասնակից Եվրամիության 15 երկրներից:Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն իր ելույթում նշել է հարավային Կովկասում ապակայունացման սպառնալիքը` կապված Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության հետ: Համաժողովի նախօրեին նրա մասնակիցները կոչ են արել Եվրամիության քաղաքական առաջնորդներին ցուցաբերել զգոնություն: Նրանք պետք է հստակ պատասխաններ տան Եվրահանձնաժողովի որոշմանը` Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության պայմանների մասին, հայտարարել է Եվրոպայի Հայ դատի հանձնաժողովի նախագահ Հիլդա Չոբոյանը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: