24 սեպտեմբերի 2005 - 09:18 AMT
ՏԱՐՅԱ ՀԱԼՈՆԵՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԻՐ ՀԱՄԱՐ ԱՊԱՀՈՎԵԼ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԱՊԱԳԱ
Ժողովրդավարության եւ արագ տնտեսական զարգացման շնորհիվ Հայաստանը կարող է ունենալ շատ ավելի ինտեգրված եվրոպական ապագա: Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը: «Ֆինլանդիան եւ Եվրոպական Միությունը հետաքրքրված են ողջ տարածաշրջանով, եւ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի Ֆինլանդիայի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Շատ առումներով դուք ունեք եվրոպական պատմություն»,-հայտարարել է նա: «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը կարող է լինել մեկ քայլ առաջ:
Տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր հետաքրքիր գործընկեր է ԵՄ համար, եւ ձեզանից է կախված, թե կենսագործման ինչպիսի՞ ձեւ կարող է ստանալ այդ հետաքրքրությունը», - նշել է Տարյա Հալոնենը: «Հայաստանն ունի հարուստ պատմություն, դուք ունեցել եք նաեւ դժվարություններ, սակայն կարող եք ունենալ ավելի լավ ապագա, եթե լինեք ակտիվ եւ ակտիվորեն զարգացնեք ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը եւ լավ կառավարումը: Այնպես որ, ես կոչ եմ անում ձեզ ուսումնասիրել եւ հայտնաբերել Եվրոպական Հարեւանության Քաղաքականության առաջարկվող հնարավորությունները», - ասել է Ֆինլանդիայի նախագահը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին` Տարյա Հալոնենն ասել է. «Ես շատ կարեւոր եմ համարում այն փաստը, որ ձեզ մոտ նախագահական ընտրությունները անցկացվել են 2003 թվականին, իսկ հաջորդ ընտրությունները կլինեն 2008-ին: Հույս ունեմ, որ դուք կօգտագործեք մինչեւ հաջորդ ընտրությունները մնացած ժամանակը եւ կփորձեք լուծել հակամարտությունը: Դուք պետք է ոգեշնչեք ինքներդ ձեզ որոշումներ կայացնելու եւ առաջ շարժվելու համար», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: