10 փետրվարի 2003 - 21:58 AMT
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱԶԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԻ ՎՐԱ
Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները գտնում են, որ 16 ընդդիմադիր կուսակցությունների միավորման` միասնական թեկնածուի շուրջ համախմբման գործում անհաջողությունը միանգամայն չի թուլացրել ընդդիմության դիրքերը երկրի նախագահի ընտրությունների նախաշեմին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել նախագահի թեկնածու «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, ընտրություններում առաջադրելով միանգամից մի քանի թեկնածու` ընդդիմությունը միանգամայն շրջահայացորեն է վարվել: Նրա խոսքերով, այդպիսով ընդդիմությունը կարող է խուսափել նախագահական ընտրությունների ընթացքում ցանկացած պատահականություններից` միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել, թե ինչ պատահականությունների մասին է խոսքը: Նախագահի մեկ այլ թեկնածու, «Ազգային-ժողովրդավարական միության» առաջնորդ Վազեն Մանուկյանը նշել է, որ ընդդիմությունից նախագահի միասնական թեկնածուն ոգեւորող գործոն կլիներ հասարակայնության համար: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, ընդդիմությունից նախագահի ոչ բոլոր միասնական թեկնածուները կարող են ոգեւորել երկրի հասարակայնությանը: Վ.Մանուկյանը նշել է, որ միասնական թեկնածուի բացակայությունը չի ազդի ընդդիմության ուժեղ դիրքերի վրա պետության ղեկավարի ընտրությունների նախաշեմին` դա նույնիսկ ունի իր դրական պահերը: Նրա կարծիքով, միանգամից մի քանի թեկնածուների ակտիվ հանդիպումները ընտրողների հետ, կտրուկ բարձրացրել են ընդդիմության վարկանիշը: Հայաստանի կոմունիստական կուսակցության երկրորդ քարտուղար Սանատրուկ Սահակյանը հայտարարել է, որ նախագահի միասնական թեկնածուի շուրջ ընդդիմության համախմբումը կնպաստեր նախագահական ընտրություններում ընդդիմության անվերապահ հաղթանակին: Նա համոզմունք է հայտնել, որ երկրորդ փուլի հնարավորության դեպքում ընդդիմությունը պարտադիր կերպով կհամախմբվի միասնական թեկնածուի շուրջ: