26 սեպտեմբերի 2005 - 14:00 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԶՈՒՐԱԲ ՆՈՂԱԻԴԵԼԻՆ
Սեպտեմբերի 29-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի գլխավորած պատվիրակությունը` Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկոլոզ Գիլաուրին, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգի Գուգունիշվիլին, ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Գվինդաձեն, տնտեսական զարգացման նախարարի տեղակալներ Դավիթ Ծիկլաուրին եւ Գենրիխ Մուրադյանը, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Լեւան Ջուղելին, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Միրիան Դեկանոիձեն, շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Զաալ Լոմթաձեն, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Թեյմուրազ Սամադաշվիլին, մաքսային դեպարտամենտի նախագահ Զուրաբ Անթելիձեն, «Վրաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Ռամազ Գիորգաձեն, ավտոմոբիլային տրանսպորտի վարչության նախագահ Ալեքսանդր Չխիկվաձեն, Վրաստանի վարչապետի խորհրդականներ, կառավարության, արտաքին գործերի նախարարության այլ պաշտոնատար անձինք: Մինչ նիստի բացումը տեղի կունենա հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի առանձնազրույցը: Նիստի շրջանակներում հանդիպումներ կկայանան առանձին աշխատանքային խմբերի միջեւ: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում նախատեսվում է քննարկել, մասնավորապես, հանձնաժողովի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, երկու երկրների միջեւ իրավապայմանագրային բազայի, առեւտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ տրանսպորտի եւ կապի, զբոսաշրջության, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր: Միջկառավարական հանձնաժողովի եզրափակիչ նիստից հետո տեղի կունենա համատեղ փաստաթղթերի ստորագրում եւ երկու երկրների վարչապետների մամուլի ասուլիս: Աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելին կայցելի Մատենադարան, հանդիպումներ կունենա նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: