
Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի երեխաների խնամքի հաստատություններում անկախ մշտադիտարկման խմբի կողմից իրականացվող մոնիթորինգը ուժեղացնելու նպատակով:
Ըատ այդ պայմանագրի` Գերմանիան կտրամադրի 65,000 եվրո Հայաստանում երեխայի խնամքի հաստատություններում անկախ մշտադիտարկման խմբի կարողություններն ամրապնդելու համար:
Հայաստանի խնամքի հաստատություններում ապրում են շուրջ 4500 երեխաներ: Այդ հաստատություններում տեղավորվելու վնասակար հետևանքները ապացուցվել են բազմաթիվ հետազոտողների կողմից: Բաց հասարակություն ինստիտուտի աջակցությամբ վերջին երկու տարիներին անկախ մշտադիտարկման խումբը լիազորված է եղել մոնիթորինգի ենթարկել ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ կրթական հաստատությունները: Վերջին երկու տարիների ընթացքւմ այդ խումբն այցելել է 32 հատուկ դպրոցներ: Այնուամենայնիվ, դրանք բավարար տեղեկատվություն չեն տալիս այդ հաստատություններում երեխաների իրավունքների ոտնահարման մասին: Հայաստանում Գերմանիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակն է բարելավել երեխաների իրավունքների պաշտպանությունը խնամքի հաստատություններում: Բացի ՀՀ ԿԳՆ ենթակայության տակ գտնվող հատուկ դպրոցներից, անկախ մշտադիտարկման խումբը մոնիթորինգ կանցկացնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող երեխայի խնամքի հաստատություններում(մանկատներ, գիշերային խնամքի կենտրոններ)` վերջիններիս հետ համագործակցություն ստեղծելով, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ: Հուշագրի ստորագրության արարողության ժամանակ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը նշեց, որ շատ երջանիկ է աջակցել նման նախաձեռնությանը. «Սա հիանալի նախաձեռնություն է: Ուրախ ենք, որ այս հարցում կարող ենք մեր ուժերը համադրել: Մարդու իրավունքների պաշտպանությունը մեր կառավարության կարևոր ուղղություններից է: Գերմանիայի դեսպանատունը սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Բոլորս էլ նման խնդիրներ ունենք մեր երկրներում: Գերմանիան էլ բացառություն չէ: Ամոթ կլիներ այդ խնդիրները չընդունելը: Ուրախ եմ, որ դուք բարձրաձայնում եք դրա մասին: Հուսով եմ` մեր համատեղ ջանքերը արդյունք կտան», ասաց դեսպանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշեց, որ գործընթացը արդեն սկսվել է, իսկ դիտարկման աշխատանքերը կսկսվեն հուշագրի ստորագրումից անմիջապես հետո: