27 փետրվարի 2013 - 14:50 AMT
Հովիկ Աբրահամյանը վերջին օրերի հրաժարականի դիմումները բարոյական քայլ է համարում

Փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում Հայաստանի 915 քաղաքային և գյուղական համայնքներից 70-ում է պարտվել Հանրապետական կուսակցության թեկնածուն, ինչը, ըստ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, նորմալ ցուցանիշ չէ: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով այն համայնքների ղեկավարների և մարզպետների հրաժարականներին, որտեղ ՀՀԿ թեկնածուն պարտվել է, Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ հրաժարականները կուսակցությունը չի պարտադրել: «Ես համամիտ չեմ, որ եթե որևէ համայնքում պարտվել ենք, ապա պետք է քաղաքապետը հրաժարական տա, մենք դրան դեմ ենք: Համայնքի ղեկավարը մեղավորը չէ, որ մեր թեկնածուն պարտվել է: Հրաժարականները բարոյական քայլ են: Որոշումը կայացնելու է կառավարությունը, և նրանց քայլին իր գնահատականը կտա»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: