28 սեպտեմբերի 2005 - 12:10 AMT
ԻՆՏԵՐՊՈԼԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Քեննեթ Նոբլին , տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Միջազգային հանցավորության դեմ պայքարի գործում կարեւորելով Ինտերպոլի դերը` Ռ. Քոչարյանը հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղարի այցը Երեւան կնպաստի ինտերպոլի հետ մեր երկրի համագործակցության հետագա խորացմանը: Հայաստանի նախագահը հանցավորության դեմ պայքարը կարեւորել է հատկապես գլոբալիզացիայի, աճող մարտահրավերների պայմաններում: Իր հերթին, Ինտերպոլի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության պրոֆեսիոնալիզմը, եւ նշել է, որ նրանք ակտիվ մասնակցություն ունեն Ինտերպոլի աշխատանքներին: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ոստիկանության համակարգի հիմնական խնդիրներից է համարել տեխնիկական վերազինումը, որակապես նոր կադրերի պատրաստումը: Ռ. Նոբլը հայտարարել է, որ Ինտերպոլը Հայաստանում ներդրել է անձնագրերի ստուգման նոր համակարգ, ինչը զգալիորեն կօգնի ոստիկանության աշխատանքին: