27 փետրվարի 2013 - 15:15 AMT
Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Խ.Սուքիասյա՞ նը. Հ.Աբրահամյանն առաջին անգամ է լսում

Հայրենի քաղաքական ուժերը դեռ չեն հասցնում ուշքի գալ նախագահի ընտրություններից հետո, և արդեն առջևում Երևանի ավագանու ընտրություններն են: Թե ինչ ցուցակով ՀՀԿ կգնա այդ ընտրություններին դեռ պարզ չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախագահ, ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունները ևս կարևոր են: PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե ՀՀԿ-ում քննարկել են ցուցակի հարցը և ո՞վ կգլխավորի այն, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ դեռ քննարկում չի եղել, իրենք կկազմեն ցուցակը, բայց շտապելու խնդիր չունեն:

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, որոշ իշխանավորներ կարծում են, որ Տարոն Մարգարյանն այլևս չպետք է զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը` մանավանդ ընտրություններում Ավանում գրանցված խայտառակ արդյունքներից հետո: Մեկ այլ խումբ էլ կտրականապես դեմ է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վերադարձին: Ըստ թերթի՝ քննարկվում է կոմպրոմիսային տարբերակ, որը կընդունվի և իշխանության, և ընդդիմության կողմից: Ոմանք կարծում են, որ այդպիսի թեկնածու է Խաչատուր Սուքիասյանն, ով լավ գործարարի համբավ ունի և չնայած տևական ժամանակ է` ակտիվ չէ, սակայն ընդունելի թեկնածու է և նորահայտ ընդդիմության, և ՀԱԿ-ից անջատվածների, և բիզնես-շրջանակների համար: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը նման տեղեկություններ չունի և առաջին անգամ է լսում այդ մասին: