27 փետրվարի 2013 - 15:27 AMT
Արմավիրի մարզում երկու ամսական երկվորյակ քույրեր են մահացել. Հարուցվել է քրեական գործ

Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցել` երկվորյակ քույրերի՝ 2 ամսական Մերի և Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։

«Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը:

Պարզվել է, որ Մերի Վարդանյանը և նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) և ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել է նաև չոր կաթը, որը նույնպես ուղարկվել է փորձաքննության, հայտնում է դատախազության մամլո ծառայությունը: