28 սեպտեմբերի 2005 - 14:11 AMT
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավիանոսին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Ա.Բաղդասարյանը կարեւորեց Ա.Վլավիանոսի ներդրումը հայ-հունական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում եւ հաջողություններ մաղթեց նրան հետագա աշխատանքում: Դեսպանի խնդրանքով խորհրդարանի նախագահը նրան իրազեկեց սահմանադրական բարեփոխումների ընթացքի, հանրաքվեի նախապատրաստման օրենսդրական աշխատանքների եւ ԵԽ-ում ստանձնած Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի մասին: Անտոնիոս Վլավիանոսը, ամփոփելով Հայաստանում աշխատած տարիները, գոհունակությամբ նշեց արդյունավետ համագործակցությունը, կարեւորեց սահմանադրական բարեփոխումների հաջողությունը, նշվեց, որ ժողովրդավարության արմատավորման ու խորացման առումով իր մեծ դերակատարությունն է ունեցել Ազգային ժողովը, որը իր գործունեության մեջ դարձել է ավելի բաց ու հրապարակային: Քննարկվեցին նաեւ նոյեմբերին, ԱԺ նախագահի պաշտոնական հրավերով, Հունաստանի խորհրդարանի նախագահ Աննա Բենակիի Հայաստան այցին առնչվող հարցեր: