28 փետրվարի 2013 - 12:36 AMT
Վարդան Մինասյան. Այն դիրքերի համար, որտեղ խնդիրներ ունենք, նոր խաղացողներ չկան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտ երկու շաբաթ Անթալիայում էր, որտեղ հետևում էր հայկական, և արտասահմանյան այն ակումբների ուսումնամարզական հավաքներին և հանդիպումներին, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուները:

Մարզիչը նշել է, որ դիտել է հայկական 4 ակումբների՝ «Փյունիկի», «Շիրակի», «Գանձասարի» և «Ուլիսի» հավաքներին ու հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ՝ «Կուբանի», «Շերիֆի», «Ակտոբեի», «Վոլգայի», «Գովերլայի» խաղերը: Մարզչի խոսքով, բոլոր ֆուտբոլիստներն էլ նորմալ մարզավիճակում էին: Նա ուրախ է, որ Ռոբերտ Արզումանյանը մշտապես խաղում է իր թիմի հիմնական կազմում, ինչը շատ կարևոր է:

«Դիտել եմ նաև Տաշքենդի «Պախտակորի» մասնակցությամբ հանդիպումներ, որտեղ խաղում է Ժորա Հովհաննիսյանը: Նա վատ տպավորություն չթողեց, բայց քանի որ խաղում է ենթահարձակվողի դիրքում, իսկ մենք այդ դիրքի համար ունենք ընտրության լայն հնարավորություն, կոնկրետ Չեխիայի հավաքականի հետ խաղի նախապատրաստական հավաքին նա չի հրավիրվի: Բայց նրան մշտապես կպահենք մեր տեսադաշտում»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ պաշտոնական կայքը:

Միխայիլ Մարկոսովի խաղին հետևել է «Միկայի» մարզիչ Արամ Ոսկանյանը, ով դիտել է նրա մասնակցությամբ 2 հանդիպում: Իսկ Մինասյանը պատրաստվում է հնարավորության դեպքում անպայման դիտել նրա մասնակցությամբ Ռուսաստանի առաջնության առաջիկա հանդիպումը:

«Ընդհանուր առմամբ, այն դիրքերի համար, որտեղ մենք ունենք խնդիրներ, ես չտեսա հավաքականի համար արժանի նոր ֆուտբոլիստներ: Թիմերի կազմերում կան հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց, բնականաբար, նրանք դեռ պատրաստ չեն ազգային հավաքականում խաղալու համար: Մենք ստիպված ենք մոտակա հավաքին հրավիրել հնարավորինս շատ ֆուտբոլիստների: Միայն բոլոր խաղացողներին փորձարկելով և իրար հետ համեմատելով՝ մենք կկարողանանք ճիշտ ընտրություն կատարել»,- ավելացրել է նա: