Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակը, քաղաքագետ Լևոն Շիրինյանի բնորոշմամբ, պատմական հնարավորթույուն է տալիս Հայաստանը դեպի քաղաքակիրթ աշխարհ տեղափոխելու համար, իսկ դրա իրականացումը կախված է քաղաքական էլիտայից: «Ընտրություններից առաջ ասում էին, որ նախագահը միանշանակ անցած է, ամեն բան կանխորոշված է, հիմա էլ ասում են բողոքի ալիքը մարելու է: Դա այդպես չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետը կարծում է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած քաղաքականությունը մեծ հնարավորթյուն է տալիս: «Մենք սովոր էինք Ղարաբաղ կոմիտեի ղժղժին, այս անգամ կա քաղաքակիրթ պայքարի ձև: Սա շատ հարազատ է մեր ժողովրդին: Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե կարողանա բախումներից խուսափել ու աշխատանքը տանել, ժողովրդի մեջ հույս դնել, ես վստահ եմ, որ Հայաստանը նոր ուղիով է գնալու»,- նկատեց քաղաքագետը: Ըստ նրա՝ բախումներից պետք է զերծ մնալ. «Միայն իշխանություններին կարող է ձեռնտու լինել՝ թրխկ-շրխկ և ամեն ինչ փակված է: Հովհաննիսյանի քաղաքականությունը Գանդիիզմ է, Մահաթմա Գանդին էլ կարողացավ խոշոոր բրիտանական ուժը կոտրել: Այս տակտիկան պետք է շարունակել՝ երկու լիդերների մեջ կամուրջը պահելով: Արմատական փոփոխություններ են պետք: Մենք վերջապես կազատագրվենք Ղարաբաղ կոմիտեի տակտիկայից: Նոր սերունդ է գալիս»,- պարզաբանեց քաղաքագետը:
Լևոն Շիրինյանը հիշեցնում է Գրիգոր Լուսավորիչի փորձը: Ինչպե՞ս Լուսավորիչը փոխեց Հայաստանը: «Ցուպը ձեռքին շրջում էր Հայաստանում, բարև-բարի լույսով փոխեց երկիրը: Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանեկան դաստիարակությունն է հուշում, մենք սովետական տարիներից հետո հնարավոր է՝ մոռացել ենք, բայց դա մեր ժողովրդի մեջ կա»,- նկատեց Լևոն Շիրինյանը: Անդրադառնալով քննարկումներին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները միայն նրանը չէին, դա բոլոր ընդդիմադիր ուժեր ձայներն էին, Լևոն Շիրինյանը նկատեց. «Եթե ՀԱԿ-ի ձայներն էին, ՀԱԿ-ը կստանար: Իր ձայները չեն, բա ո՞ւմն են: Պարզ է, որ վարչական ապարատը միշտ իշխանության օգտին է քվեարկում, բանակը նույնպես: Եթե նրանք ազատ լինեն, ազատ դիրքորոշում կունենան: Այստեղ է, որ պետք է հարցնել՝ ո՞ւմ ձայներն են: Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական տոկոսներից պարզ է դառնում, որ նա իրականում ավելի շատ ձայներ է ստացել, նրա քաղաքական կշիռն այսպիսով մոտենում է գործող նախագահի կշռին»: PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե հասկանալի՞ է Րաֆֆի Հովհաննիսյանը ուր է գնում, քաղաքագետը պատասխանեց, որ նա բարձր քաղաքագիտական գործ է առաջ տանում, իսկ կիսագրագետները չեն հասկանում ինչ է նա անում. «Եթե լիդերին բոլորն են հասկանում, նա լիդեր չէ: Նա գնում է դեպի իրավական պետություն: Ասում են՝ թող Րաֆֆի Հովհաննիսյանն ասի ինչ է անելու, ինչո՞ւ ասի, որ գնաս ճանապարհը փակես»:
Լևոն Շիրինյանը կարծում է, որ հակասությունը պետք է պահել փափուկ սահմանների մեջ: Եվ նախագահը պետք է գնա զիջումների, և Րաֆֆի Հովհաննիսյանը: Այստեղ ատելութմուն չկա, դա թույլ է տալիս երկխոսության նստել»,- ասաց քաղաքագետը: Լևոն Շիրինյանը նաև նկատեց, որ իշխանության ներկայացուցիչները չեն ասում, թե ժողովուրդն ինչպես է գնահատում ընտրությունները, ասում են դիտորդներն ասել են՝ լավ ընտրություններ էին: «Մենք ո՞ւմ համար ենք ապրում: Ծնվեց նոր լիդեր, ինչը շատ կարևոր է, ոչ թե բերեցին դրեցին, այլ ծնվեց»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը: