28 փետրվարի 2013 - 14:22 AMT
Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Բրյուսելում

Փետրվարի 27-ին Բելգիայի Հայ դատի հանձնախումբն ու «Հայասա» հայ ուսանողների միությունը, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, կազմակերպել էին բողոքի ցույց Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան առջև, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ակցիային հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին զետեղեցին ծաղկեպսակներ: Այնուհետև մատուցվեց ոգեկոչման արարողություն, որին հաջորդեց Բելգիայում ՀՀ դեսպանի ելույթը:

Մարտի 3-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվելու է պատարագ` նվիրված Սումգայիթյան նահատակների 25-րդ տարելիցին: