
Փետրվարի 28-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի և Բաքվի ցեղասպանություններին զոհ դարձած հայերի հիշատակը:
Այնուհետեւ պատգամավորները շարունակել են քննարկել «Այլընտրանքային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ամփոփիչ ելույթով հանդես է եկել հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա, երկու օրվա քննարկումները բավականին արդյունավետ ու կառուցողական համարեց՝ նշելով, որ այն դասական օրինակ կարող է լինել մյուս օրինագծերի քննարկման համար: «Զարմանալի կլիներ, եթե մեր պատգամավորները պասիվ լինեին այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին բանակի, անվտանգության, մարդու իրավունքների խնդիրներն են»,-նկատել է նա:
Նախարարի խոսքով՝ ազգային անվտանգությունը և մարդու իրավունքները փոխկապակցված են, անվտանգության հիմքում մարդու իրավունքներն են: Բացարձականացնում ենք մարդուն, նրա իրավունքներն ու պարտականությունները:
Այնուհետեւ խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: