3 մարտի 2013 - 21:12 AMT
Միջադեպ երթուղայինում, կամ «հանրապետականի աշխատող եմ, կփակեմ ԿԳԲ-ի պադվալներում»

Երթուղայինում այս կամ այն պատճառով վարորդի ու ուղևորի վիճաբանության ամեն օր էլ ականատես ենք լինում։ Մյուս ուղևորները, սովորաբար, վարորդին ասում են արդեն սովորական դարձած «ուշադրություն մի դարձրու, քշի՝ գնանք» բառերը։ Այսօր ևս դրանք ասվեցին։ Մի քիչ հետ գնամ ու պատմեմ, թե ինչից ամեն ինչ սկսվեց։ Նախապես նշեմ, որ վարորդների արգելվում է ծխել մեքենայի մեջ, բայց դե բոլորս էլ գիտենք, որ այդ օրենքին սովորաբար չեն հետևում։

Եվ այսպես, ինչպես և հարյուրավոր այլ վարորդներ, այսօրվա երթուղայինիս վարորդը ևս վառեց ծխախոտն ու սկսեց ծխել, երբ հենց նոր նրա կողքի նստարանին նստած երիտասարդը (մոտ 24-25 տարեկան) ասաց, որ հանգցնի այն։ Չլսեցի, թե կոնկրետ ինչպես նա ասաց դա, բայց վարորդը (մոտ 60 տարեկան) կանգնեցրեց մեքենան ու ասաց «հենց հիմա իջի»։ Այդ պահին երիտասարդին միացավ դիմացս նստած կինը (հավանաբար, տղայի մայրն էր), ասելով, թե ինչ իրավունք ունի վարորդը ծխի մեքենայում, այն էլ՝ փակ պատունահով։ Վարորդն ասած՝ «լուսամուտը բաց ա», բայց երիտասարդն արդեն ինչքան ուժ ուներ գոռում էր «իջի ավտոյից, ես քեզ հեսա կասեմ»։ Մայրն իջավ ու այստեղ էլ բոլորս սկսեցինք ասել «քշի՝ գնանք»։

Երիտասարդը ուժգին փակեց երկու դռները, արդեն ուզում էինք շարժվել, երբ սկսեց դրսից հայհոյել ու գոռալ «հանրապետականի աշխատող եմ, կտանեմ, կփակեմ ԿԳԲ-ի պադվալներում, ամբողջ կյանքդ դուրս չես գա»։ Այդ պահին վարորդը կանգնեցրեց մեքենան, իջավ։ Նրա հետևից իջան երթուղայինում գտնվող տղամարդիկ։ Վարորդը շրջանցեց մեքենան ու սկսեց ինչ-որ բան հանել կողքի նստատեղի հետևից․ պարզվեց՝ երկաթյա փող էր։ Այդ ամբողջ ընթացքում երիտասարդը շարունակում էր բղավել «հանրապետականի» ու «ԿԳԲ-ի պադվալների մասին»։ Դրսում հավաքվածները փորձեցին կանգնեցնել վարորդին։ Վերջապես ստացվեց․ նրան չհաջողվեց հարվածել երիտասարդին։ Նա հետ եկավ, նստեց, երիտասարդը, ով մի պահ հանդարտվել էր, նորից «ակտիվացավ», բացեց երթուղայինի դուռն ու ևս մեկ անգամ կրկնեց արդեն ծանոթ բառերն ու սպառնալիքները։

Երթուղայինը շարժվեց, բայց 100 մետր անց վարորդն ասաց, որ բոլորն իջնեն՝ չի քշելու։ Կրկին հնչեցին «ուշադրություն մի դարձրու, քշի՝ գնանք» կոչերը, բայց նա չհամաձայնվեց։ Իջնելուց ուղևորներից մեկն ասաց․ «դուք իրանցից հեռու մնացեք, իմ հարսանիքին եղել են, վտանգավոր մարդիկ են»․․․

Չգիտեմ՝ ինչ եղավ հետո վարորդի հետ, քանի որ նա իրեն, կարծես, վատ էր զգում, չնայած որ առաջարկած դեղից հրաժարվեց։

Մանե Եփրեմյան / PanARMENIAN News