3 հոկտեմբերի 2005 - 17:37 AMT
է.Մամեդյարով. Որքան շատ կազմակերպություններ ներգրավվեն ղարաբաղյան հարցի կարգավորմանը, այնքան լավ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին դեռեւս ոչինչ հայտնի չէ այն հարցերի մասին, որոնք քննարկվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ: Այդ մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հաղորդել է լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքերով, Վիեննայում Ադրբեջանի դեսպանին հանձնարարվել է անհրաժեշտ տեղեկատվություն հայթայթել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանություններում տեղի ունեցած հանդիպման մասին: Է.Մամեդյարովը ասել է նաեւ, որ հոկտեմբերի երկրորդ կեսին Բաքու կժամանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը: Նախարարը նաեւ իր վերաբերմունքն է հայտնել այն հայտարարությունների վերաբերյալ, որ Մինսկի խմբի լիազորությունների մի մասը կփոխանցվի Եվրոպայի Խորհրդին.«Որքան շատ կազմակերպություններ ներգրավվեն ղարաբաղյան հարցի կարգավորմանը, այնքան լավ դա կանդրադառնա այս հարցի լուծման վրա: Մեզ համար անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը ավելի լուրջ զբաղվի այս հարցով», հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: