4 մարտի 2013 - 21:50 AMT
Ջութակի երեկո` Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի դասարանի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի համերգը:Կատարվել են լարային երաժշտության համաշխարհային երգացանկից տարբեր ստեղծագործություններ: Երեկոյի ընթացքում հնչել են Մոցարտի, Պագանինի, Վաժա Ազարաշվիլու, Սարգիս Բարխուդարյանի, Վիլյամ Կրոլլի, Հենրիխ Էռնստի, Սարասատեի ստեղծագործությունները, որոնք կատարել են Ե.Միքելաձեի անվան երաժշտական գիմնազիայի, Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի, մագիստրատուրայի սովորողները:

Համերգին ներկա գտնվող Վրաստանի մշակույթի նախարարության միջազգային ծրագրերի դեպարտամենտի փոխտնօրեն Խաթունա Խունդաձեն և Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի պատմության թանգարանի տնօրեն Մարինա Չիխլաձեն նշել են, որ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանի անունը կրող դահլիճը ծառայում է մարդկային հարաբերություններում բարձր մշակույթի լեզվով բարին, ջերմությունը և սրտակցությունը բազմապատկելու իր առաքելությանը և երեկոն դրա վկայությունն էր: