7 մարտի 2013 - 11:29 AMT
Օմբուդսմենի զեկույցը. Դատախազությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել ընտրակաշառք տալու դեպքերը բացահայտելու համար

Օմբուդսմենը շարունակում է ներկայացնել 2012 թվականի տարեկան զեկույցը: Այսօր ներկայացվել են Դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեության ոլորտում արձանագրված բացթողումներն ու դրական զարգացումները:

Դատախազություն • Խիստ մտահոգիչ են դատախազական հսկողության թերացման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների իրավունքների սահմանափակումները և խախտումները, ինչպես նաև լիազորությունների չարաշահումները:

• Խիստ մտահոգիչ է, որ դեռևս լիարժեք և օբյեկտիվ բացահայտված չեն կամ չավարտված են մնում խաղաղ պայմաններում բանակում մահացած անձանց գրեթե տասնամյա հնության քրեական գործերը:

• Շարունակում է չլուծված մնալ հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար սահմանված տասնօրյա ժամկետի չպահպանելու խնդիրը:

• Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու դեպքերը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրման համար:

• Մտահոգիչ է այն, որ Դատախազությունը խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս, նախապատվությունը մշտապես տալիս է կալանավորման միջնորդություն դատարան ներկայացնելուն:

• Գրանցվել են ՀՀ ոստիկանության ձեր¬բա¬կալ¬ված¬ների պահման վայրերում գտնվող ձերբակալված, ինչպես նաև կալանավորված անձանց իրավունքների մի շարք խախտումներ` դատախազական ոչ բավարար վերահսկողության հետևանքով:

Հատուկ քննչական ծառայություն • Ծառայությունը հետամուտ չի եղել ուսումնասիրել կամ խորությամբ չի ուսումնասիրել ինչպես իրեն ուղղված գրություններում, այնպես էլ մամուլում առկա պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկությունը:

• Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները` կապված մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության հետ:

• Բազմաթիվ դեպքերում տեղի են ունեցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ, մասնավորապես` չեն պահպանվել քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետները: Ավելին, մի շարք դեպքերում վարույթ ընդունվել են արդեն իսկ ժամկետանց գործեր, սակայն որևէ պատասխանատվության միջոց իրավախախտների նկատմամբ չի կիրառվել:

• Արձանագրված մի քանի տասնյակ դեպքերում Ծառայությունը քննության առած գործերը հետագայում ուղարկել է այլ մարմիններ:

Արձանագրված դրական զարգացումները • Հաճախակի է դարձել դատախազության կողմից հարուցված քրեական գործերի փոխանցումը Ծառայությանը` ինչը նպաստել է այդ գործերի առավել արդյունավետ ուսումնասիրմանը:

• Դատախազության կողմից պատրաստվել են ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնող մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:

• Նախորդ տարվա համեմատ 2012 թվականի ընթացքում աճել է Ծառայության կողմից վարույթում քննված գործերի քանակը:

• Դատախազությունը և Ծառայությունը հիմնականում ապահովել են իրենց գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Պետական եկամուտների կոմիտեի բաժինը։