Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում: Այս մասին այսօր Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳ նախարարը նշեց, որ ծրագիրը կհստակեցվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի՝ Երևան այցի ժամանակ:
«Մենք սպասում ենք պարոն Յագլանդին, որպեսզի համատեղ քննարկենք Հայաստանի նախագահության առաջնահերթություններն այդ կազմակերպության շրջանակներում և վերջնական տեսքի բերենք ծրագիրը», - ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ Ստրասբուրգում հայկական կողմը հանդես կգա մի շարք կարևոր միջոցառումներով: «Մենք կօգտագործենք այդ առիթը՝ հանդես գալով նաև մշակութային ծրագրով: Կարևորագույն իրադարձություն կլինի նաև ՀՀ նախագահի այցելությունը Ստրասբուրգ»,- ասաց նա: