Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը պատրաստվելու է մարտի 26-30-ը Քաթարում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ և միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը: Հավաքականը ձևավորվել է Հայաստանի առաջնության արդյունքներով:
«Թույլ էինք տվել, որ երիտասարդներն էլ մեծահասակների առաջնությունում հանդես գան, և նոր տղաներ հայտնաբերեցինք: Նրանք արժանիորեն կարող են փոխարինել մեր փորձառու մարզմնամարզիկներ Հարություն Մերդինյանին և Արթուր Դավթյանին: Առաջնությունն անցել է թեժ մրցակցությունում »,- նշել է մարզիչը:
Արթուր Դավթյանն ու Սերոբ Սողոմոնյանը աշխարհի գավաթի խաղարկությունում ելույթ են ունենալու բազմամարտում, Հարությունը Մերդինյանը` նժույգաթափում, իսկ օղակների վրա հանդես կգան Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը: Հավաքականը մրցաշարին պատրաստվելու է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:
«Այնտեղ նրանք հնարավորություն կունենան կատարել բարդ վարժություններ և կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը»,- ավելացրել է նա:
Այնտեղ հանդես կգան 2 բազմամարտիկներ, ևս երեքն էլ կմասնակցեն առանձին գործիքների վարժություններին: