«Ես ոչ միայն կողմ եմ հայ-թուրքական սահմանի բացմանը, այլ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Բոլորին է պարզ, որ Ռուսաստանն է շահագրգռված պահպանել լարվածությունը տարածաշրջանում: Իր հսկողությունը սահմանելու համար Ռուսաստանը Հարավային Կովկասը վերածել է, ըստ էության, փակ գոտու: Եթե բացվի սահմանը Թուրքիայի ու Հայաստանի միջև, ապա իրավիճակը տարածաշրջանում արմատապես կփոխվի: Թուրքիային կհետևեն ԵՄ-ն ու ԱՄՆ-ն, այսինքն, աստիճանաբար, տարածաշրջանը դուրս կգա Ռուսաստանի մենաշնորհից»,-հայտարարել է ադրբեջանական «Ումիդ» կուսակցության առաջնորդ Իգբալ Աղազադեն:
Ըստ նրա, Թուրքիան, հենվելով Արևմուտքի վրա, կկարողանա մրցակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանում, և այդպիսով չի կարողանա արդեն պահել ստատուս քվոն: «Գուցե ոմանց դա ֆանտաստիկ գաղափար թվա, սակայն, մենք առաջարկում ենք նաև ստեղծել հարավկովկասյան պետությունների միություն: Այդ միության միջոցով մենք շատ հարցեր կլուծենք: Մենք այսօր պետք է մտածենք ժողովրդագրական, տնտեսական ու տարանցման խնդիրների մասին: Եվ ինչո՞ւ ավելի ուժեղ Ադրբեջանը չդառնա այդ խնդիրների լուծման առաջատարն ու չօգնի հարևան Հայաստանին ու Վրաստանին: Ինչո՞ւ մենք պետք է ինքնահաստատվենք տարածաշրջանում պատերազմի միջոցով, առավել ևս իմանալով, որ տանուլ ենք տալու այն, քանի որ պատերազմելու ենք ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ»,-նշել է նա, հայտնում է haqqin.az-ը: