9 մարտի 2013 - 10:33 AMT
Լոռու մարզում մեքենան գլորվել է ձորը. չորս մարդ է տուժել

Մարտի 8-ին, ժամը 21.19-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտով գյուղի մոտակայքում` «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորակը:

Տեղի բնակիչների և փրկարարների ուժերով ձորակից դուրս են բերվել վարորդ՝ 1995թ. ծնված Նարեկ Խառատյանը, ուղևորներ՝ 1994թ. ծնված Սևակ, 1996թ. ծնված Վահե Խառատյանները և 1996թ. ծնված Արմեն Դերձյանը, ովքեր տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ:

Բժիշկները Արմեն Դերձյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացած երեքինը` միջին ծանրության: