10 հոկտեմբերի 2005 - 14:02 AMT
Երեւանում բացվել է ռուս-թուրքական եւ ռուս-պարսկական պատերազմների հերոսներ` կազակների հուշարձանը
Երեւանում Ռուս ուղղափառ եկեղեցու մոտ բացվել եւ օրհնվել է 1826-1827 թվականների ռուս-թուրքական եւ ռուս-պարսկական պատերազմներում զոհված կազակների հուշարձանը: Հուշաքարի վրա գրված է.«Ռուսաստանի կազակներին երախտագետ հայ ժողովրդի կողմից»: Հուշարձանի բացումից հետո հնչել է հրանոթային համազարկը: Հուշարձանը կառուցվել է Ռոստովի հայ համայնքի ֆինանսավորմամբ եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Արարողությանը ներկա են գտնվել Ռուսաստանի դեսպանը Երեւանում եւ Հայաստանի դեսպանը Մոսկվայում, Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբը, Ռոստովի Դոնի եւ Երեւանի քաղաքապետներ Միխաիլ Չերնիշովը եւ Երվանդ Զախարյանը, ինչպես նաեւ Հայաստանի տարածքային կառավարման նախարարը, ազգային անվտանգության ծառայության ղեկավարը եւ հայկական ոստիկանության պետը:
Հանդես գալով հավաքվածների առջեւ, Ե.Զախարյանը նշել է, որ հուշարաձանը կանգնեցվել է այն նույն տեղում, որտեղ նախկինում տեղակայված էր կազակների գունդը, «որի զինվորները զոհվեցին հայկական հողերի համար մղված պատերազմում»: Դա եւս այն բանի ապացույցն է, որ բարեկամությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հավերժ է, եւ այսօր մենք մեկ քար էլ ավելացրեցինք այդ բարեկամության հիմքին»,-ընդգծել է Ե.Զախարյանը: Իր հերթին Վ.Չուբը նշել է, որ «շատ հուզիչ է, երբ երկու դար անց, արյունով շաղախված հողի վրա կանգնեցվում է հուշակոթող այն հայերի եւ կազակների պատվին, որոնք պաշտպանել են այստեղ իրենց ազատությունն ու անկախությունը», հաղորդում է Ինտերֆաքսը: