Մարտի 12-ին Իտալիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Սարգիս Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Իտալիայի դիվանագիտական արարողակարգի ղեկավար դեսպան Ստեֆանո Ռոնկային` համաձայն Իտալիայի արարողակարգի: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-իտալական պատմական առնչություններին, Իտալիայի հետ Հայաստանի ավանդական ջերմ և բարեկամական հարաբերություններին` ընդգծելով դրանց ընդլայնման և ամրապնդման կարևորությունը բոլոր ոլորտներում:
Քննարկվեց նաև միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները: Այս կապակցությամբ դեսպան Ղազարյանն ընդգծեց Հայաստանում ընթացող բարեփոխումների կարևորությունը և Հայաստանի` համաեվրոպական արժեհամակարգին պատկանելիության նշանակությունը:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, ինչի կապակցությամբ դեսպանը շեշտեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում համագործակցության, կայունության և անվտանգության գերակայության հարցում:
Պրն.Ռոնկայի խնդրանքով դեսպան Ղազարյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումը` ընդգծելով, որ Հայաստանը ջատագով է խնդրի խաղաղ կարգավորմանը և որ ՀՀ դիրքորոշումը լիովին համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: