18 մարտի 2013 - 15:38 AMT
Մ-21 տարեկանների հավաքականին չեն միանա Սարգիս Ադամյանը և Յուրի Ուդունյանը

Մարտի 18-ին Ֆուտբոլի Ակադեմիայում մեկնարկել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի ուսումնամարզական հավաքը: Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել էր 25 ֆուտբոլիստների, սակայն գերմանական «Հանզայի» հարձակվող Սարգիս Ադամյանը և ռուսական «Անժիի» պաշտպան Յուրի Ուդունյանը չեն միանա հավաքականին, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մարտի 19-ին և 23-ին «Հանզան» կարևոր հանդիպումներ է անցկացնելու Գերմանիայի առաջնության շրջանակներում և քանի որ մինչև 21 տարեկանների հավաքականը հանդիպումը չի կրում պաշտոնական բնույթ, ակումբն իրավունք ունի չթույլատրել իր խաղացողին միանալ հավաքականին:

«Հանզա» ակումբից տեղեկացրել են նաև, որ պաշտոնական խաղերի պարագայում ակումբը խոչընդոտ չի հանդիսանա ֆուտբոլիստի՝ Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրվելուն: Նույն խնդրի պատճառով այս անգամ Երևան չի ժամանի նաև «Անժիի» ֆուտբոլիստ Յուրի Ուդունյանը: