
Քրեական աշխարհի իրավիճակը հետխորհրդային տարածքում, նաև Հայաստանում որակական նոր մակարդակ է ձեռք բերում: Կարծիքը քրեագետ Սերգեյ Գալոյանինն է, ով այսօր ասուլիսի ժամանակ նշել է, որ «գողականները» քրեական ճանապարհով ձեռք բերած ֆինանսական միջոցներն այսօր ձգտում են լեգալացնել, բայց նրանք «գործարարներ» են, որոնք ունեն իրենց զենքն ու զինանոցը և այն գործի են դնում, եթե հարցերն այլ կերպ լուծում չեն ստանում:
Քրեագետը նշել է նաև, որ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի ) սպանությունից հետո «գողական աշխարհի» հակամարտող կողմերն ունեցել են մարդկային մեծ կորուստներ, որոնք թելադրում են էական վերադասավորություններ նրանց շարքերում:
«Երկու օր առաջ Դեդ Հասանի կողմնակիցներից սպանվեց ևս մեկ մարդ: Ընդհանուր առմամբ, այս հակամարտության արդյունքում արդեն սպանվել է 125 քրեական հեղինակություն»,- ասել է քրեագետն ու ավելացրել, որ այժմ անդորր է, որը կտևի մինչեւ հունիս: Հունիսից մինչև սեպտեմբեր կլուծվի այն հարցը, թե ով է զբաղեցնելու Ուսոյանի տեղը: Գալոյանը կարծում է, որ հիմնական հավակնորդն է Զախարի Քալաշովը, որը հենց նշված ժամանակահատվածում դուրս կգա իսպանական բանտից: Իր իրավունքներն է ներկայացնում նաև Արմեն Ղազարյանը, սակայն ըստ փորձագետի, քրեական աշխարհում նա «այն կշիռը» չունի:
Սերգեյ Գալոյանն նշել է նաև, որ Դեդ Հասանը որոշակի հարաբերություններ է ունեցել նաև քրեական աշխարհի հայ ներկայացուցիչների հետ: Նրանցից ոմանք ևս զոհ են գնացել նրա սպանությունից հետո հակադիր կողմերի միջև սկսված արյունոտ պայքարին: