22 մարտի 2013 - 19:34 AMT
Ապրիլին վերջնականապես կորոշվեն ԵԽ-ում Հայաստանի քարտուղարության շրջանում գերակայությունները

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը, որի կազմում են ԵԽ-ում Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Իռլանդիայի դեսպանները: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնից:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է կազմակերպության աշխատանքներում, ինչպես նաև ԵԽ տարբեր կառույցների օժանդակությամբ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել, որոնց արդյունքը համապատասխան գնահատականի է արժանացել բազմաթիվ միջազգային կառույցների զեկույցներում և վարկանիշային աղյուսակներում: Հանդիպմանն անդրադարձ կատարվել մայիսին մեկնարկող Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությանն առնչվող մի շարք հարցերի: Այս առումով նախարար Նալբանդյանը նշեց, որ ապրիլին Հայաստան է այցելելու ԵԽ Գլխավոր քարտուղարը և այդ այցելության ընթացքում կվերջնականացվեն հայկական նախագահության գերակայությունները և միջոցառումների ծրագիրը: Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։