25 մարտի 2013 - 16:19 AMT
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտուն Իսրայելյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտուն Իսրայելյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

«Դուք անցել եք ստեղծագործական հետաքրքիր ճանապարհ՝ հարստացնելով հայ դասական երաժշտությունը: Մեծ է Ձեր ավանդը Հայաստանի երաժշտական կյանքի կազմակերպման գործում: Դուք ունեք նաև մեծ մանկավարժական վաստակ, որ գնահատելի է ոչ միայն ձեր ուսանողների, այլև ողջ արվեստասեր հասարակայնության համար:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր շնորհակալ գործում»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: