Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը Երևանում լրագրորղների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք գիտեն, թե ինչ իրավիճակում են հայտնվել Դանիայից կրած պարտությունից հետո: «Վաղվա խաղի համար մի քանի տարբերակ ունենք, բայց այն կընտրվի այսօրվա մարզումից հետո:
Ես ճնշման տակ եմ այն պահից սկսած, որ ստանձնել եմ հավաքականը, բայց այս անգամ իրավիճակը լիովին այլ է, և մենք անպայման պետք է հաղթենք հայերին»,- ասաց մարզիչը:
Նա խոստովանեց, որ հետևել է Հայաստանի ընտրանու ելույթներին, և այսօր թիմով դիտել են ընտրական մրցաշարի Իտալիայի դեմ հանդիպումը: Նա գտնում է, որ հայերը հեշտ մրցակից չեն: «Մենք լավ գիտենք հայ ֆուտբոլիստների որակների մասին, բայց պետք է հուսալի խաղանք պաշտպանությունում ու հսկենք հայ հարձակվողներին»,- ընդգծեց Բիլեկը:
Ըստ չեխ մասնագետի, հոգեբանորեն իրենք պատրաստ են ու աշխատելու են ավելի ագրեսիվ խաղալ, քան Դանիայի դեմ: Բիլեկը խոստովանեց, որ խիստ համոզված է, որ վաղը առավելության են հասնելու: Հայաստան-Չեխիա հանդիպումը կայանալու է մարտի 26-ին ԱԱ ընտրական մրցաշարի B խմբում: