26 մարտի 2013 - 09:54 AMT
Հայաստան- Չեխիա 3-րդ հանդիպում. Նախորդ երկու խաղերում հաղթել են չեխերը

Հայաստանի և Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականները պաշտոնական խաղերում հանդիպել են երկու անգամ:

Թիմերն ընդգրկված են եղել 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում:

Առաջին անգամ հանդիպումը կայացել է 2004 թվականին Երևանում: Այն ժամանակ չեխերը երեք անպատասխան գնդակ են ուղարկել մեր դարպասը:

Մեկ տարի անց` պատասխան հանդիպման ժամանակ, Չեխիայում մեր հավաքականը կրկին զիջել է, այս անգամ 1:4 հաշվով:

Մարտի 26-ի Հայաստան-Չեխիա հանդիպումը մեր թիմի համար այս տարվա առաջին պաշտոնական խաղն է լինելու: Բուքմեյքերները հավատում են չեխերի հաղթանակին, սակայն այլ կարծիքի են հայ երկրպագուները: Շատերը հավատում ու վստահ են, որ հայ ֆուտբոլիստները կարողանալու են առավելության հասնել մրցակցի նկատմամբ:

Ընտրական փուլի B խմբում Վարդան Մինասյանի ընտրանին տոնել է միայն մեկ հաղթանակ և վաստակած երեք միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Մեր թիմի մրցակիցն ունի չորս միավոր և չորրրդ տեղում է:

Այսօր Երևանի ժամանակով 20:00 Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կկայանա Հայաստան- Չեխիա հանդիպումը, որի ավարտից հետո ավելի ակնհայտ կդառնա կկարողանա մեր ընտրանին շարունակել պայքարը աշխարհի առաջնության եզրափակիչ ուղեգրի համար, թե ոչ: