Մայիսի 5-ին նշանակած Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը թեև դեռ չի մեկնարկել, սակայն քաղաքային իշխանության համար պայքարող ուժերն արդեն գործի են անցել և հնարավոր հարթակներն օգտագործում են Երևանի բնակիչների քվեն իրենցը դարձնելու համար:
ՀՀԿ փոխնախագհ Ռազմիկ Զոհրաբյանը կարծում է, որ պայքարն ընթանալու է ոչ այնքան «Բարև, Երևան» դաշինքի և ՀՀԿ-ի միջև, այլ այդ դաշինքի և մյուս քաղաքական ուժերի միջև, որոնք մասնակցում են ընտրություններին: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, որ ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» պետք է ապացուցի, որ այն 38 տոկոսը, որ ստացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իրականում պատկանում են իրեն և չեն ստացվել նախագահական ընտրություններում այլ ուժերի պասիվության հետևանքով: Միևնույն ժամանակ նա նշեց, որ առաջիկա ընտրություններում ակտիվ պայքար է ընթանալու և Հանրապետական կուսակցությունը բոլոր քաղաքական ուժերին մրցակից է համարում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նկատում է, որ դեռ մեկ ընտրությունը չավարտած երկրորդն է սկսվում և ավագանու ընտրությունը քաղաքական է: «Մենք նոր ենք դուրս եկել նախագահական ընտրություններից և մեր հասարակության զգալի հատվածն իր անհամաձայնությունն է արտահայտել իշխող համակարգին, և այս մթնոլորտը տեղափոխվելու է Երևանի ավագանու ընտրություններին: Մենք պետք է հասկանանք, որ սա ցուցակների առաջին համարաների պայքար չէ: Միայն չորս տարվա ընթացքում երեք քաղաքապետ է փոխել ՀՀԿ-ն»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աղվան Վարդանյանը:
Լրագրողների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ էլ ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Շահինյանը կանխատեսեց, որ բավական հետաքրքիր պայքար է ընթանալու: «Մենք չպետք է պայքարենք ինչ-որ մեկի դեմ, այլ պետք է հանուն Երևանի պայքարենք: Պետք է ծառայություն մատուցել»,- ասաց նա:
Բոլոր ընտրություններում ընդդիմադիր ուժերի ամենամեծ մտահոգություններից մեկը իշխանության կողմից արչական ռեսուրսի օգտագործումն է, ինչը, ըստ ընդդիմադիրների, չի շրջանցելու նաև Երևանի ավագանու ընտրությունները:
ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ահազանգում է՝ դեռ նախընտրական քարոզչությունը չի սկսվել, բայց ակնհայտ է արդեն, թե ինչ աշխատանքներ են տանում: Իշխանությունը գործի է դրել իր վարչական ամբողջ ռեսուրսը: «Ամեն անգամ ասում են, որ այս ընտրությունները լինելու են ամենալավը, սակայն իրականում լինում են ավելի վատը: Ֆինանսական ռեսուրսներն արդեն երևում են: Դաշնակցությունն այս ընտրություններին մասնակցում է իր ամբողջ հնարավորությունը ներդնելով: Մենք աշխատելու ենք ամենժամյա ռեժիմով»,- ասաց նա:
Դաշնակցությունը խոստանում է՝ հիմնական ծրագրերից չեն շեղվելու: «Ցավոք, հնարավոր չեղավ, որ ընդդիմությունը միավորվի, սակայն մեր խիղճը հանգիստ է, մենք դրա համար ամեն ինչ արեցինք, և գուցե բարին սա էր: Դաշնակցության ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը: Մենք այս պայքարի մեջ մտել ենք վճռական, սա մեզ համար պատվի, արժանապատվության, մեր հեղինակության խնդիրն է»,- ասաց Աղվանդ Վարդանյանը:
Վճռական է տրամադրված նաև «Օրինաց երկիր» կուսակցությունը: Հովհաննես Շահինյանն ասաց, որ ՕԵԿ-ը գնում է հաղթելու քաղաքապետի ընտրություններում: «ՕԵԿ-ը շատ մրցունակ թիմ է ներկայացրել, ես հարգում եմ բոլոր ներկայացված ավագանու անդամներին, սակայն իրական մրցակցությունը լինելու է Տարոն Մարգարյանի և Արմեն Երիցյանի մեջ: ՕԵԿ-ը ներկայացրել է մարդիկ, որոնք գալու են աշխատելու: Վստահության քվե ստանալու դեպքում Արմեն Երիցյանն է լինելու քաղաքապետ, մեր ցուցակում ծյունինգներ չկան. մեր ցուցակը ազնիվ ցուցակ է: Ինձ համար գնահատական տալ դժվար է, բոլորն էլ ձգտել են անել մաքսիմալը»,- ասաց նա: Հովհաննես Շահինյանը վստահեցրեց, որ որևէ պայմանավորվածություն չկա, իրենք գնում ենք մեծամասնություն ստանալու: «Գուցե մենք լինենք ընդդիմություն»,- չբացառեց Հովհաննես Շահինյանը:
«Երազելը վատ բան չէ: Մենք բանաստեղծություն ունենք՝ «Անհնար է նստած վազել», հարկավոր է ճիշտ երազել: Թող պայքարի ՕԵԿ-ը: Մենք տեսել ենք նրանց պայքարը», - Հովհաննես Շահինյանի դիտարկումներին այսպես արձագանքեց Աղան Վարդանյանը:
Ընտրութուններից առաջ ամենաքննարկվող թեմաներից է նաև նախորդ ղեկավարի արած աշխատանքը:
«Տարոն Մարգարյանը եղել է շատ լավ թաղապետ Ավանում և նա կարող է վերադառնալ ու նորից թաղապետ լինել: Մտեք քաղաքապետարան, այսպիսի միակուսակցությունն աբսուրդ է, քաղաքապետարանի 95 տոկոսը ՀՀԿ-ից է»,- ասաց Աղվան Վարդանյանը: ՀՅԴ-ի կարգախոսն է՝ «Երևան, փոխիր Հայաստանը»: «Այս վիճակը մեր քաղաքացիներին չի բավարարում: Ես համաձայն չեմ, որ այսօր մեր քաղաքն արդյունավետ է կառավարվում »,- նշեց նա:
Ի տարբերություն ՀՅԴ-ի, ՕԵԿ-ին գոհացնում է Տարոն Մարգարյանի աշխատանքը: «Անում է, որքան կարողանում է: Ինձ գոհացնում է Տարոն Մարգարյանի նվիրումը Երևանին, բայց կարծում ենք, որ մեր ծրագրերն ավելի մրցունակ են»,- ասաց Հովհաննես Շահինյանը:
Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականում է: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը կարծում է, որ նա մայրաքաղաքի արժանի քաղաքապետ է, և, ըստ հարցումների, առաջին տեղում է թեկնածուների թվում. «Տարոն Մարգարյանը սիրում է քաղաքը, նրան հուզում են քաղաքի խնդիրները, վերջին շրջանում նա ընդհանրապես 4-5 ժամ է քնում: Շատերը, գնահատելով Մարգարյանի աշխատանքը, նշում են, որ շատ շուտով նա Երևանից Փարիզ է սարքելու»:
Ընտրությունների քարոզարշավն առջևում է, և բոլոր ներկայացված ուժերը մարտական են տրամադրված: Պայքարը, կարծես, իրոք հտաքրքիր է լինելու: Ավլացնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: