ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Արմավիրի մարզ այցի ընթացքում եղավ Մաստարայի ջրամբարի կառուցման վայրում` Մյասնիկյան համայնքի տարածքում: Գյուղատնտեսության նախարարության, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲ ընկերության ներկայացուցիչների, Արմավիրի մարզպետի հետ տեղում քննարկվեցին ապագա ջրամբարի տեղանքի վերջնական ընտրության, ջրածածկ տարածքի հետ կապված հարցեր: Ջրամբարը նախատեսվում է կառուցել Մաստարա գետի վրա, որը կուտակելու է Սելավ Մաստարա գետի և Ախուրյանի ջրամբարից մինչև Թալինի ոռոգման համակարգի գլխամասային հանգույցն ընկած հատվածի ազատ հոսքը:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց Մաստարայի ջրամբարի կառուցման նախագծի փաթեթն ամբողջացնել` «Քուվեյթ» հիմնադրամին ներկայացնելու համար, ինչպես նաև աշխատել քուվեյթցի գործընկերների հետ`անհրաժեշտության դեպքում ընթացիկ տեղեկատվություն տրամադրելու համար:
Նշենք, որ փոխվարչապետի` օրերս Քուվեյթի Պետության կատարած այցի ընթացքում «Քուվեյթ» հիմնադրամը հետաքրքրվածություն էր ցուցաբերել ջրամբարի կառուցման նախագծի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորման հարցը քննարկել հիմնադրամի խորհրդում:
Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները փոխվարչապետին զեկուցեցին նաև մարզի Խանջյան, Մայիսյան, Ակնաշեն և Փշատավան համայնքների տարածքներում հակահեղեղային միջոցառումների, Արաքսի ափապաշտպան կառուցվածքների ամրացման աշխատանքների ընթացքի մասին: ՀՀ կառավարության փետրվարի 28-ի 171 – Ն որոշմամբ այդ նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 679 մլն դրամ` հանրապետության մարզերի 14 օբյեկտներում աշխատանքների իրականացման համար:
Խանջյան, Մայիսյան համայնքների տարածքում կատարվում են հեղեղատարների հուների մաքրման և ափերի ամրացման աշխատանքներ, Ակնաշենում ամրացվում է Մեծամոր գետի ափը, իսկ Փշատավանում` Արաքս գետի ափապաշտպան կառույցները:
Զեկուցվեց, որ աշխատանքները կավարտվեն նախատեսվածից ավելի շուտ` հաշվի առնելով գարնանային հեղեղումների վտանգը: Ա. Գևորգյանը պատասխանատուներին հանձնարարեց ընտրված հատվածներում անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել այնպես, որ առկա խնդիրները լուծվեն ամբողջությամբ, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: