Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում արձանագրվել է բոտուլիզմի հերթական դեպքը: Տուժել է մեկ մարդ: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածը մարտի 17-ին կնոջ հետ օգտագործել է տնային պայմաններում պահածոյացված լոլիկի մարինադ` ուտելով միայն պահածոյի պղպեղը: Հիվանդը տանը կատարել է միայն ստամոքսի լվացում և բժշկի չի դիմել։
Նրա վիճակը գնալով ծանրացել է, ի հայտ են եկել նաև բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` թուլություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, դժվարացած շնչառություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում:
ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ մարտի 22-ին հիվանդը դիմել է Բերդի բժշկական կենտրոն, որտեղից տեղափոխվել և հոսպիտալացվել է Երևանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց:
Հիվանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է: