27 հոկտեմբերի 2005 - 14:48 AMT
Թուրքիայի դեսպանատան ճնշման արդյունքում փակվել է Վրոցլավի կենտրոնում անցնող Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը
Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան ճնշման արդյունքում Հայոց ցեղասպանությանը նվիրված «20-րդ դարի առաջին Հոլոքոսթը» ցուցահանդեսը Վրոցլավի կենտրոնից տեղափոխվել է Ավանգարդ արվեստի թանգարան, հաղորդում է Լեհաստանում PanARMENIAN.Net-ի թղթակիցը: Մինչդեռ, Վրոցլավի իշխանությունները պնդում են, թե ցուցահանդեսի տեղափոխման պատճառ է հանդիսացել այն, որ լուսանկարները ուղղակի կարող էին շոկ առաջացնել ներկաների մոտ: Սակայն Լեհաստանում հայերի հագեւոր հովիվ Թադեուշ Իսահակյան-Զալեսկին համոզված է, որ կենտրոնում ցուցահանդեսի փակման միակ պատճառը թուրքական դեսպանատան ճնշումն է: Այնուամենայնիվ քաղաքի վարչակազմը խոստովանել է, որ ցուցահանդեսի բացումից հետո նրանք բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացել Թուրքիայի դեսպանատնից, սակայն շարունակում են պնդել, որ ցուցահանդեսի տեղափոխման միակ պատճառը լուսանկարների ցնցող լինելն էր: Նշենք, որ առաջին անգամ նման իրավիճակ էր ստեղծվել դեռեւս անցյալ տարի, երբ Լեհաստանում Թուրքիայի դեսպանատունը դեմ էր արտահայտվել Կրակովում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելուն, սակայն այդ հարցում լեհական իշխանությունները չանսացին թուրք դիվանագետների սպառնալիքներին: