29 մարտի 2013 - 12:28 AMT
Մանկական երազանքներ և կապրիզներ. Ո՞վ է դրանցով տարված. ՀՀԿ-ի և «Ժառանգության» բնորոշումները

ՀՀԿ-ն մնում է առարկայական երկխոսության կողմնակից, բայց ոչ երբեք մանկական կամայականությունների և կապրիզների, այսպես ասած, երազանքների իրականացնող: Երեկ կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք գտնում ենք, որ Հայաստանում խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական ճանապարհով, և հանրապետության նախագահի նամակները առ Րաֆֆի Հովհաննիսյան, դրա վկայությունն են և ևս մեկ անգամ դրա ապացուցույն է, որ նախագահը պատրաստ է խնդիրները լուծել երկխոսության միջոցով, և եթե կան առաջարկները, որոնք ավելի շատ հիշեցնում են վերջնագրեր, բնականաբար դրանք չեն կարող բավարարվել, քանի որ մենք պատրաստ ենք լսելու, բայց մենք, ինչպես ցանկացած բանական քաղաքական ուժ, պատրաստ չենք առաջնորդվել վերջնագրերով կամ քաղաքական կապրիզներով»,- ասել է նա:

Իշխանությունների մանկական երազանքները, ըստ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի, արդեն իրականացվել են փետրվարի 18-ին, երբ կեղծվեցին ընտրություններն ու փորձ արվեց գողանալ ուրիշին պատկանող քվեները: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ հենց դա էր մանկական երազանքը, ընդ որում, չար երեխաներին բնորոշ երազանք:

«Վերջնագրերի մասին կարող եմ ասել, որ որևէ վերջնագիր Րաֆֆի Հովհաննիսյանի ասածների մեջ չկա: Հակառակը` կա պատրաստակամություն` գտնելու այս քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիները: Դրա համար բոլոր նախադրյալները կան, մնում է ունենալ ցանկություն, որը իշխանությանն է վերաբերում: Գնդակն այս պահին իշխանության դաշտում է»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: