29 հոկտեմբերի 2005 - 15:51 AMT
Պենտագոնի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը ահաբեկչության դեմ պայքարին
Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Միացյալ Նահանգներ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործընկերությունը զարգացնելու ԱՄՆ-ի կառավարության մտադրությունը եւ բարձր է գնահատել մեր երկրի մասնակցությունը հակաահաբեկչական պայքարում: Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռազմական ոլորտում ցուցաբերվող օժանդակության համար` նշելով, որ Հայաստանի իշխանությունները պատրաստակամ են խորացնելու ԱՄՆ-ի հետ համագործակցությունը պաշտպանության բնագավառում: Լրագրողների հետ զրույցում Դոնալդ Ռամսֆելդը, մասնավորապես, ասել է. «Մենք շատ ուրախ ենք կրկին ողջունել Հայաստանի պաշտպանության նախարարին Պենտագոնում: Ուրախ ենք նաեւ, որ կարողացանք կազմակերպել լավ այցելություն ու քննարկել շատ հարցեր, որոնց ուղղությամբ համատեղ աշխատում ենք: Հայտնի է, որ Հայաստանն Իրաքում ունի խաղաղապահ ստորաբաժանում, որի զինծառայողները հոյակապ են գործում, եւ նախարարը կարող է հպարտանալ նրանցով: Մենք համագործակցում ենք պաշտպանական բարեփոխումների ոլորտում, եւ այցի ընթացքում ես ստացա ամենավերջին տեղեկությունները դրա վերաբերյալ»:
Անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը` Սերժ Սարգսյանը նշել է. «Իրականում մեր հարաբերությունները շատ բարձր եմ գնահատում, եւ այս այցի ժամանակ կազմակերպված միջոցառումները դրա ապացույցն էին: Մենք իրավունք չունենք չօգտվելու այս լավ հնարավորություններից` վերափոխելու համար մեր զինված ուժերը: Մենք անպայման դա անելու ենք»: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ռազմական ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարը` Դոնալդ Ռամսֆելդն ասել է. «Ես դա գնահատում եմ շատ լավ: Մեր զինվորականները պարբերաբար խորհրդակցություններ են անցկացնում: Հայաստանի պաշտպանության նախարարը բովանդակալից այցելություններ կատարեց ամերիկյան մի շարք ռազմակայաններ, եւ առհասարակ այցը շատ լավն էր»: