30 մարտի 2013 - 10:08 AMT
Պարույր Հայրիկյան. Ինձ իրականում շատ ավելի մեծ փոխհատուցում է հասնում

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը դարձյալ անդրադարձել է կառավարության որոշմանը` իր բուժման համար 20.5 միլիոն դրամ տրամադրելուն, ուղղված քննադատություններին: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ԱԻՄ առաջնորդը գրել է.

«Սիրելի բարեկամներ,

Իմացա, որ կրքեր են բորբոքվել իմ բուժմանը պետականորեն աջակցելու հետ կապված։ Ծիծաղելին այն է, որ ես այդ դրամը դեռ չեմ ստացել, իսկ զարմանալին այն, որ այդքան չարակամներ ունենք։ Ինձ իրականում շատ ավելի մեծ փոխհատուցում է հասնում։ Պետականորեն ներողություն են խնդրել կորցրածս 17 ու կես տարիների համար ու առաջարկել փոխհատուցում 1991թ.-ին։ Ես այն ժամանակ չուզեցի մեր պետության հոգսն ավելացնել։

Գալով այդ հատկացված գումարին, դա բուժհիմնարկների նախնական նշած գումարն է, որ կարող է ավելանալ և պակասել, կախված ընթացքից։ Ճիշտ վարվեցին բոլոր այն անձինք՝ բժիշկներն ու պետական գործիչներն, ովքեր իմ առողջականը տառացիորեն փրկելու նպատակով կատարեցին այդ հատկացումը։ Ես, իհարկէ, ունեմ այն փոխհատուցելու ծրագիր (դրա մասին ժամանակին կխոսեմ), բայց դա իմ կյանքի նպատակը չէ։

Ապրեն այն ընկերներս ու համեստ գործարարները, բարեկամներս, ովքեր ինձ զորակցում են թե հոգեպես, թե նյութապես։

Այսօր երկրորդ բժիշկը հետազոտեց. նոր ցավազրկողներ տվեց։ Զատիկից հետո, որ այստեղ էլ լուրջ նշում են, հավանաբար, կսկսի հիմնական բուժումը։

Ամենայն բարիք բոլորին»:

Ավելացնենք, որ կառավարությունը պահուստային ֆոնդից 2013 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել է 20.5 մլն դրամ (մոտ 50 հազ. դոլար)` Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով:

Սոցիալական ցանցերում դժգոհություն էր բարձրացել, որ կառավարությունն այդքան գումար է հատկացրել Պարույր Հայրիկյանի բուժման համար, իսկ մյուս քաղաքացիներին, ովքեր ևս լուրջ առողջական խնդիրներ ունեն, նման օգնություն պետությունը չի ցուցաբերում:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԻՄ առաջնորդը անրակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Հետագայում վնասվածքի հետ կապված բարդություններ են առաջացել: