1 նոյեմբերի 2005 - 12:48 AMT
ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի խորհրդարանի ստեղծման 15-րդ տարեդարձի կապակցությամբ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի խորհրդարանի ստեղծման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Տասնհինգ տարի առաջ ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով ձեւավորված Գերագույն Խորհուրդն իրականացրեց պատմական առաքելություն` հռչակելով Հայաստանի անկախությունը: Այն դարձավ պետականությունը մարմնավորող խորհրդանիշ: Աշխարհաքաղաքական նոր իրավիճակում Հայաստանի խորհրդարանը կոչված էր հիմք դնելու սկզբունքորեն նոր օրենսդրության, որ բնորոշ է անկախ ու ժողովրդավարական պետությանը: Նա հանդիսացավ նախկին` խորհրդային համակարգից նորի անցման կարեւորագույն օղակներից մեկը: Ստեղծվեց արմատական բարեփոխումներ իրականացնելու իրավական դաշտ: Անցած տարիների ընթացքում մեր խորհրդարանը կատարել է նաեւ իր դերը երկրի կայունության եւ հասարակական համերաշխության պահպանման առումով: Մեր խորհրդարանը կարողացել է հաղթահարել ժամանակի մարտահրավերները: Եվ այսօր, իշխանության մյուս թեւերի հետ համագործակցությամբ, աշխատում է մեր հասարակությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ: Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` Հայաստանի Ազգային ժողովին մաղթում եմ արդյունավետ գործունեություն` հանուն մեր երկրի բարգավաճման եւ Հայաստանի ժողովրդի բարեկեցության բարձրացման»: