2 նոյեմբերի 2005 - 15:37 AMT
Ա.Բայբուրդյանը ընդգծել է Եվրախորհրդարանի հետ ՀՀ համագործակցության խորացման անհրաժեշտությունը
Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանն այսօր ընդունել է ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի եվրոպական համանախագահ Մարի-Անն Իսլեր Բեգենին, որը Երեւանում է գտնվում Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի տոնակատարության կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում ծավալվեց մտքերի փոխանակություն Հայաստանի եվրաինտեգրման հարցերի շուրջ: Այդ համատեքստում Ա.Բայբուրդյանը շեշտեց Եվրախորհրդարանի հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Հատկապես կարեւորվեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այս իմաստով զրուցակիցները տեսակետներ փոխանակեցին Հայաստանի գործողությունների ծրագիրը շուտափույթ ավարտին հասցնելու հնարավորությունների շուրջ: Բացի այդ Ա.Բայբուրդյանը եւ Մարի-Անն Իսլեր Բեգենը անդրադարձան նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների: